ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Լոռու և Տավուշի աղետի գոտիներում սատկած կենդանիներ նկատելու դեպքում պետք է զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ, որոնց ոչ ճիշտ ոչնչացնելու պարագայում մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը: Ուստի անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, հորդորում ենք անկած կենդանիներ նկատելու դեպքում այդ մասին տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 118 հեռախոսահամարով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։