21–ամյա երիտասարդը փորձել է թմրանյութի փաթեթներ տեղադրել Երևանի տարբեր հատվածներում

Թմրանյութ
Ոստիկանները խուզարկել են երիտասարդին ու նրա մեքենան և հայտնաբերել մարիխուանայի 112 փաթեթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել, 21–ամյա երիտասարդ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ 21–ամյա երիտասարդը «Տելեգրամ» հավելվածով կապ է հաստատել «Լ․․․» էջի օգտատիրոջ հետ և պայմանավորվել մարիխուանա թմրամիջոցի փաթեթներ տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում, յուրաքանչյուրը` 10 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց։
Պայմանավորվածության համաձայն՝ 2024թ. մայիսին երիտասարդը Արարատի և Կոտայքի մարզերից ձեռք է բերել և պահել վերոնշյալ էջի օգտատիրոջ կողմից թողնված, ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 71.28 գրամ քաշով մարիխուանա թմրամիջոցի 112 փաթեթ։
Դրանցից 1-ը հայտնաբերվել է մայիսի 21-ին, երբ ոստիկանները խուզարկել են երիտասարդին։ Մյուս 111 փաթեթները հայտնաբերվել են տղային պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի իրացնելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Արարատի մարզում 58-ամյա տղամարդը դպրոցահասակ աղջկան թմրամիջոց է վաճառել