«Սև ու սպիտակ» միջոցառումը պատերազմում զոհվածների մայրերին սփոփելու համար էր. Փաշինյան

ՀՀ վարչապետի վստահեցմամբ` այս միջոցառմամբ ամեն ինչ արվել է, որ սգավոր մայրերի կյանքում սևը չլինի գերիշխող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Սև ու սպիտակ» միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44–օրյա և, ընդհանրապես, պատերազմում զոհված զինվորների ծնողները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մի մարդ կա, որ հետը կխոսեմ, մնացածը շոշափուկներ են. Բագրատ սրբազանը` ՔՊ–ականների մասին
Նշենք, որ «Սև ու սպիտակ» խորագրով միջոցառումը տեղի է ունեցել Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում այն օրը, երբ հանրապետության հյուսիսային հատվածները վերածվել էին աղետի գոտու, եղան զոհեր, տուժածներ, ավիրածություններ։ «Սև ու սպիտակ» միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, և հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնիներ։ Համացանցում տարածվող տեսանյութը բուռ քննարկման և քննադատության առիթ է դարձել։
«Այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44–օրյա և, ընդհանրապես, պատերազմում զոհված զինվորների ծնողները։ Այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ` 5–6 ամիս առաջ։ Որքան գիտեմ, այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է պատերազմում զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, օգնելը»,– ասաց Փաշինյանը։
Նրա վստահեցմամբ` այս միջոցառմամբ ամեն ինչ արվել է, որ սգավոր մայրերի կյանքում սևը չլինի գերիշխող։