Կաթողիկոսը Սարդարապատ այցելելու պետական արարողակարգային հրավեր չի ունեցել. Փաշինյան

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Բագրատ սրբազանի հանդիպման առաջարկին` նշելով, որ ով իր հետ ցանկանում է հանդիպել, կարող է հերթագրվել ու հանդիպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը Սարդարապատ եկել է, մինչդեռ պետական արարողակարգով հրավեր չի ունեցել։ ՀՀ Ազգային ժողովի բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մայիսի 28–ին` Առաջին հանրապետության տոնի օրը, Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։
«Մենք տեղյակ չենք եղել, որ նա ակնկալում է հրավեր։ Արդյունքում ոստիկանությունն ուղղակի փորձել է ճեշտել` արդյոք նա եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ ոչ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` երբ ոստիկանությունը հավաստիացել է, որ այցն ունի ուղղակի արարողակարգային նպատակ, կաթողիկոսին թողել են Սարդարապատ հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ–ում եկեղեցու դեմ արշավ չկա ու չի լինելու։
«Եթե եկեղեցու դեմ արշավ եք տեսնում, ապա դա պետք է տեսնել մեկ այլ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ»,– վստահեցրեց նա։
Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի հանդիպման առաջարկին, ապա Փաշինյանը նշեց, որ իր հետ հանդիպելու ընթացակարգեր կան. ով ցանկանում է իր հետ հանդիպել, կարող է հերթագրվել ու ազատ հանդիպել։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 21–ին հայտարարել էր, որ ՀՀ իշխանական թևից միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսի, «մնացածը շոշափուկներ են»։
Այսօր` մայիսի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում սրբազանը հայտարարեց, որ այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և որ նա (Նիկոլ Փաշիյանը,–խմբ.) «բարի ճանապարհներով կգնա, խելոք է, գնալու է»։