Կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարումը հաղթահարված է. նախարար

2023 թ. ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 2 տրլն 547 մլրդ դրամ, որոնք հիմնականում օգտագործվել են 171 ծրագրերի իրականացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Կապիտալ ծախսերի ծրագրի շեղումը 2023 թ. կազմել է 5,8 մլրդ դրամ, իսկ ընթացիկ ծախսերի 34 տոկոսը հիմնականում ուղղվել է սոցիալական նպաստների և թոշակների սպասարկմանը։ ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` գրեթե բոլոր ծախսային ծրագրերով արձանագրվել է 95 տոկոսից բարձր կատարողական։
«Երբ խոսում էինք կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարման մասին, ապա կարող ենք արձանագրել, որ թերակատրումը հաղթահարված է, քանի որ վերջին 3 տարիներին ունենք բավականին բարձր կատարողականներ. եթե 2021 թ. ունեինք 92.5 տոկոս կատարողական, 2022 թվականին` 94.9 տոկոս, այժմ այդ ցուցանիշը ևս բարելավել ենք և ունենք 95.8 տոկոս կատարողական»,– նշեց նախարարը։
Ցուցանիշների աճը նա պայմանավորեց մի շարք ոլորտների հատկացված միջոցներով, մասնավորապես` պաշտպանության ապահովման, ճանապարհային ցանցի բարելավման համար (այս ոլորտում իրականցվել է 24.4 մլրդ դրամի ավելի ծախս), քաղաքային զարգացման` 8.6 մլրդ դրամի ծախս, ոռոգման համակարգի առողջացման համար` 4.1 մլրդ դրամի ծախս, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման համար` 4 մլրդ դրամի ծախս, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության շենքի ձեռքբերման նպատակով հատկացվել են 8.5 մլրդ դրամի չափով միջոցներ։
Ապրանքների ի՞նչ ծավալ է արտահանվում Ռուսաստան. ՀՀ ֆինանսների նախարարի պարզաբանումը
Ներկայացնելով 2023 թ. ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերը` Հովհաննիսյանն ասաց, որ դրանք կազմել են 2 տրլն 547 մլրդ դրամ, որոնք հիմնականում օգտագործվել են 171 ծրագրերի իրականացման համար։
Նրա խոսքով`այսպես կոչված հիմնական ծախսողներն են եղել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, որը ծախսում է բյուջեի 27.7 տոկոսը, հետո պաշտպանության նախարարությունն է` 20 տոկոսը, ՀՀ ֆինանսների նախարարությունը` 10.1 տոկոս (այստեղ արտացոլվում պետական պարտքի սպասարկումը), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` 10.6 տոկոս, ԿԳՄՍՆ–ն` 8.6 տոկոս։