ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է պահանջում նախարար Վահե Ղազարյանի հետ, որպեսզի վերջինս իջնի և պատասխան տա մի շարք հարցերի։ Այս մասին սրբազանը հայտարարեց Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց։
«Դիմում եմ Վահե Ղազարյանին, որպեսզի մարդկային, իր դեպքում հուսամ տղամարդկային խոսակցություն ունենալու համար։ Նրա հետ հաց ենք կիսել տարբեր առիթներով, որը հիմա ինձ հավանաբար նախկին բարեկամ է համարում։ Վահե Ղազարյանը թող իջնի ներքև և պատասխան տալու որոշ հարցերի։ Օրինակ` չգիտեմ ինչու են այսքան շատ ոստիկաններ կուտակել այստեղ։ Կարող եմ մի բան ասել` առաջին շարքի ոստիկանները (ներքին զորքերի ծառայողներն են – խմբ.) իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտքը կատարում են։ Երկրորդ շարքի ոստիկաններն էլ (խոսքը կարմիրբերետավորների մասին է) պետք է բացատրեն, թե ինչու են այդքան վայրագ, որովհետև հենց իրենք են հրահրում։ Այդքա՞ն է տղամարդկությունը, որ 30 հոգով 1 մարդ են ծեծում։ Էն մեկը (Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը – խմբ.) տղամարդկայնությունը թողել է ուրիշ տեղ, մենք դա գիտենք, այս 2-3 օր է դա երևում է»,– ասաց Բագրատ սրբազանը։
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մոտեցավ սրբազանին ու հայտնեց, որ Վահե Ղազարյանն այս պահին հանդիպումների է, չի կարող հիմա իջնել և խոսել։
«Մի հատ ՆԳՆ նախարարից տեղեկացեք ո՞ւմ հետ է հանդիպման, ո՞վ է ավելի կարևոր, քան այս ժողովուրդը», - հակադերձեց սրբազանը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Սբ Աննա եկեղեցու մոտից շարժվել են ՆԳՆ շենքի մոտ ու հանդիպում էին պահանջում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։
Հ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։
Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։