ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՆԱ–ի համեմատությամբ ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2022 թ. համեմատ նվազել է 0.1 տոկոսով` կազմելով 2 տոկոս։ Հհ Ազգային ժողովում «ՀՀ 2023 թ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` 2023 թ. պետական բյուջեի պակասուրդը պլանավորվածից 1.1 տոկոսային կետով ցածր է եղել։
«2023 թ. ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում իրականացվել է ամբողջական պահանջարկը զսպող քաղաքականություն։ Եվ նաև դա է ապահովել ՀՆԱ–ի համեմատ պետական բյուջեի պակասուրդի նվազումը»,– նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշին, ապա Հովհաննիսյանն ասաց, որ այն կազմել է 48.1 տոկոս` 2022 թ. համեմատ աճելով 1.4 տոկոսային կետով, սակայն կանխատեսվածից ցածր է եղել 1.7 տոկոսային կետով։
Նշենք, որ 2023 թվականին բյուջեի պակասուրդը կանխատեսվում էր ՀՆԱ-ի 3,1%-ի չափով, բայց իրականում շատ ավելի ցածր կլինի, քանի որ բյուջեի եկամուտներն աճել են նախատեսվածից շատ ավելի։ Արդյունքում՝ 2023 թվականի 11 ամիսներին բյուջեի դեֆիցիտը կազմել է 0,7 տոկոսից պակաս։
Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա այս տարվա համար բյուջեի պակասուրդը նախատեսված է ՀՆԱ–ի 4,6 տոկոսի չափով, ինչը շատ ավելի մեծ թիվ է, քան սպասվում էր 2023 թ. ընթացքում, այդ թվում՝ աջակցության ծրագրերի պատճառով, որոնք անհրաժեշտ է հատկացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։