Ձորագետի պատվարը չի փլուզվել. Սանոսյանը` մարզպետարանի 1 ամիս առաջվա հայտարարության մասին

Գնել Սանոսյանը նշեց, որ Ջորագետի ջրամբարը լցվել է, և համապատասխան տեղից թողք է տեղի ունեցել, ինչը նորմալ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Ձորագետի պատվարը չի փլուզվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով «ՁորաՀԷԿ»–ի կայանի կանգի մասին Լոռու մարզպետի աշխատակազմի հայտարարությանը։
Դեռ ապրիլի 19-ին հրապարակված հայտարարությունում նշվում էր, որ կայանի կանգը մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից, դա կարող է Ձորագետ և Դեբեդ գետերի վարարումների պատճառ կարող է դառնալ։ Լոռու մարզպետի աշխատակազմը բնակիչներին հորդորել էր ավելի զգոն լինել։
Լրագրողների հարցին, թե ինչու է նման զգուշացում եղել, և ինչ քայլեր են ձեռնարկվել դրանից հետո, Սանոսյանը պատասխանեց` նմանատիպ, ինչպես նաև եղանակային պայմաններից ելնելով որոշ հնարավոր խնդիրների մասին հայտարարություններ պարբերաբար լինում են։
«Շատերը հայտնում են, որ այնտեղի պատվարն է վնասվել, փլուզվել, բայց պետք է ընդամենը նայել, թե Ձորագետի ամբարտակում ինչքան ջուր կա, և հասկանալ, որ այդ խոսակցություններն անլուրջ են։ Նշեմ` Ձորագետի որևէ պատվար չի փլուզվել, ընդամենը ջրամբարը լցվել է և համապատասխան տեղից թողք է տեղի ունեցել, դա նորմալ է։ Նույնիսկ եթե նման բան տեղի ունենար, ապա նշեմ, որ այնտեղի ջրի ծավալներն այստեղի ջրի ծավալների մեջ կաթիլներ են։ Այսինքն` դա չէր կարող նման ազդեցություն ունենալ։ Ջուրը եղել է 650 խմ/վ, եկեք պատկերացնենք այդ քանակը ու հետո տեսնենք որքան ջուր կա այն ամբարտակում, որի մասին խոսում ենք»,– նշեց Սանոսյանը։
Նա ընդգծեց` եթե ՀԷԿ–երը կանգուն են, ամբարտակներն էլ չեն փլուզվել, նշանակում է, որ վերահսկողություն իրականացվել է և ամեն ինչ ճիշտ կառավարվել։ Նախարարը նաև շեշտեց, որ նորմալ է այն հանգամանքը, որ ջուր է բաց թողնվել, վստահեցրեց` ուրեմն համապատասխան ծավալը լցվել է պետք է եղել, որ բաց թողնեն։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ