Դումիկյանն ու Շահգելդյանը «Սև ու սպիտակ» միջոցառումից հետո քննադատությունների թիրախում են

Սոնա Շահգելդյան
Արկադի Դումիկյանը հորդորել է սև կատու չփնտրել մութ սենյակում, իսկ Սոնա Շահգելդյանը վստահեցրել է, որ ինքը երբեք փարթիների չի գնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երգիչներ Արկադի Դումիկյանը և Սոնա Շահգելդյանը, որոնց այս օրերին սոցցանցերում քննադատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» միջոցառմանը մասնակցելու համար, հայտարարել են, որ իրենք ընդամենը բարեգործական համերգի են մասնակցել, և պետք չէ դա քաղաքականացնել։
Նշենք, որ միջոցառումը տեղի է ունեցել Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում այն օրը, երբ հանրապետության հյուսիսային հատվածները վերածվել էին աղետի գոտու։ Համացանցում տարածվող տեսանյութը, որում երևում են Արկադի Դումիկյանը և Սոնա Շահգելդյանը, բուռ քննարկման և քննադատության առիթ է դարձել։
Դումիկյանը գրառում է արել «Ինստագրամ» սոցիալալական ցանցում։
«Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով: Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ: Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել: Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը: «Մութ սենյակում Սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են»,– գրել է երգիչը։
Երգչուհի Սոնա Շահգելդյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել` նշելով, որ ինքը երբեք փարթիների չի գնում, մասնակցում է միայն բարեգործական համերգների:
«Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Անահիտ Շահգելդյանը, Aravot.am-ին տեղեկացրել է, որ մեկ ամիս առաջ Սոնային այդ միջոցառմանը հրավիրել է «Աստղածնունդ» հաղորդման վարող Արայիկ Համբարձումյանը, ասել է` բարեգործական համերգ է և Սոնայի ծանոթներից մեկի՝ բարեգործական միջոցառումներ նախաձեռնող Կարինեի ծննդյան օրը»,–գրում է լրատվամիջոցը:
Հավելենք` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի բակում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ «Սև ու սպիտակ» միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44–օրյա և ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների ծնողները։
Նա նշել էր, որ այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ` 5–6 ամիս առաջ, և այս միջոցառմամբ ամեն ինչ արվել է, որ սգավոր մայրերի կյանքում սևը չլինի գերիշխող։