ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատասխանեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավ չլինելու մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ Փաշինյանն ասել է, թե Հայաստանում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի։ Նա ընդգծել է, որ այն անձինք, որոնք եկեղեցու դեմ արշավ են տեսնում, ապա պետք է մեկ այլ տեղ դա տեսնեն, քանի որ դա կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ։
«Փաստորեն, Բաքվի թե՞զն է պաշտպանում։ Ասում է` արշավ չկա՞։ Մենք մեր ասելիքն ասել ենք, իրենք ոնց ուզում են, թող պատասխանեն»,– նշեց սրբազանը։
Բագրատ Սրբազանը նաև դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որ Հայաստանում ընդդիմադիրները (իրենք անվանում են ռևանշիստական ուժերը) ցանկանում են տարածքներ հետ բերել։
«Մենք ինչ կանենք մեր երկրում, ձեր գործը չի։ Դուք ձեր տերերի հետ լավ անում եք ամեն ինչ մեր երկրի նկատմամբ։ Հետևաբար` մենք ինչ անելու ենք, անելու ենք մեր ուզածով, ոչ թե ձեր»,– նշեց շարժման առաջնորդը։
Նա ընդգծեց, որ այսօր Բաքուն Հայաստանում ներկայացուցիչներ ունի, որոնք իրենց ուզածներն են անում, սակայն վաղը պետք է ստիպված անեն այն, ինչ իրենք են ասում։
Հիշեցնենք` մայիսի 28–ին` Առաջին հանրապետության տոնի օրը, Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։
Միջադեպն արժանացավ հանրային լայն քննարկման, դատապարտող հայտարարություններ արեցին ինչպես Մայր աթոռը, այնպես էլ առանձին հոգևորականներ ու անհատներ, այդ թվում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և այլք։