ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Բացառվում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի հետևանքով առաջացած պայթյունի պատճառով։ Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ աղետի հետաքննության արդյունքների վերաբերյալ երկրորդ զեկույցում։
«Դատելով բեկորների միջև եղած հեռավորությունից և դրանց ցրվելու եղանակից՝ բացառվում է թռիչքի ժամանակ կամ բարձունքի լանջին բախվելուց մի քանի վայրկյան առաջ դիվերսիայի հետևանքով առաջացած պայթյունի վարկածը», - հայտարարության տեքստը հրապարակել է իրանական IRIB պետական հեռուստաալիքը:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։