Արարողակարգային միջոցառմանը կաթողիկոսը հրավիրված չի եղել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Սարդարապատում Վեհափառ հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ–ում ծառայողական քննություն չի իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Սարդարապատի հուշահամալիրում արարողակարգային միջոցառում է եղել մայիսի 28-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարդարապատի հուշահամալիրի տարածքում ոստիկանական ուժերը խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։ Այնուամենայնիվ, Վեհափառին և հոգևորականներին հաջողվել է անցնել ոստիկաններին, ծաղիկներ խոնարհել և հոգեհանգստյան կարգ իրականացնել։
«Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը և պարզաբանումներ են կատարվել, ինչից հետո մուտքը թույլատրվել է»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը հայտնել է` նախօրեին Սարդարապատում Վեհափառ հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ–ում ծառայողական քննություն չի իրականացվում։