ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Ոստիկանների անհարիր վարքագիծը անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար։ Այս հայտարարությունը տարածել են Հայ առաքելական եկեղեցու սփյուռքի 24 թեմակալ առաջնորդները` անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ կապված միջադեպին։
Մայիսի 28-ին հայտնել էինք, որ ոստիկանները խոչընդոտել են կաթողիկոսի և մի խումբ հոգևորականների մուտքը Սարդարապատ։
Թեմակալ առաջնորդներն ընդգծել են, որ նախորդ տասնամյակներում երբևէ նման դեպք չի արձանագրվել, որ հայորդուն արգելվի այցելել Սարդարապատի հուշահամալիր, առավել ևս՝ Ամենայն հայոց կաթողիկոսին, որի այցի մասին նախապես տեղեկացված են եղել պետական պատկան մարմինները։
«Սարդարապատի հաղթանակը կերտվել է ողջ հայ ժողովրդի հավաքական կամքով, կենաց ու մահվան կռվով։ Այն մեր ժողովրդի միասնականության, հաղթանակների և զարթոնքի խորհրդանիշն է, որի կերտմանը մասնակից են եղել նաև բազմաթիվ նվիրյալ հայ հոգևորականներ։ Ոստիկանների կողմից նմանօրինակ անհարիր վարքագիծը անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար»,- ասված է հայտարարության մեջ։
Թեմակալ առաջնորդները կոչ են անում պետական պատկան մարմիններին ուշադիր և անաչառ քննություն կատարել և պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին։
Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ–ի, Արևմտյան Եվրոպայի, Ուրուգվայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Արգենտինայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի, Ռումինիայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Իրաքի, Դամասկոսի, Վրաստանի և մի շարք այլ թեմակալ առաջնորդներ։