Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան

Արդյոք ՀՀ վարչապետը նոյեմբերին կմեկնեի Բաքու` մասնակցելու «COP–29» համաժողովին և միաժամանակ քննարկելու խաղաղության պայմանագիրը։ Փաշինյանը չպատասխանեց հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կողմերին կհաջողվի ամբողջությամբ ավարտել տեքստի վրա աշխատանքը։ ՀՀ Ազգային ժողովի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությանը, որ Բաքվում այս տարվա նոյեմբերին կայանալիք «COP–29» համաժողովի ընթացքում կա լավ հնարավորություն քննարկելու և ստորագրելու խաղաղության պայմանագիրը։
«Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Խնդիրն այն է, որ պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ։ Ես հույս ունեմ, որ դրանք ձեռք կբերվեն։ Ավելի ճիշտ` այդ համաձայնությունները ձեռքբերված են 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում, հետո Բրյուսելում, Սոչիում, մնում է դրանք վերարատադրել պայմանագրի տեքստի մեջ։»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա չպատասխանեց հարցին` կմեկնի՞ Բաքու` մասնակցելու այդ համաժողովին, թե՞ ոչ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։