ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Աբովյան քաղաքում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49-ամյա տղամարդը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մայիսի 25-ին տեղեկացրել էինք, որ տեղեկացրել էինք, որ նռնակով զինված մի տղամարդ ներխուժել է բանկ և սպառնացել, որ կպայթեցնի այն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Բյուրեղավանի բնակիչ է։
Քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մայիսի 25–ին՝ ժամը 16։25–ի սահմաններում, 49–ամյա տղամարդը, ահաբեկչություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել ՀՀ-ում գործող բանկերից մեկի՝ Աբովյան քաղաքում տեղակայված մասնաճյուղ։
«Այնտեղ գտնվող բանկի աշխատակիցներին, ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցին և հաճախորդներին ահաբեկելու, ինչպես նաև բանկի աշխատակիցներին իր պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, նա ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող «Ֆ–1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակը բերել է մարտական վիճակի՝ ստեղծելով պայթյուն կատարելու իրական սպառնալիք»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Տեղում գտնվող անձանց կյանքից զրկելու վտանգ ստեղծելով՝ նա զավթել և պահել է բանկի մասնաճյուղի շենքը՝ պահանջելով հրավիրել լրագրողներ։ Սակայն անվտանգության ազդանշանի միանալու արդյունքում դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ։
49-ամյա տղամարդու հետ բանակցությունների արդյունքում, ժամը 17։54–ին, տղամարդը իրավապահներին է հանձնել մարտական նռնակը, վնասազերծվել և ձերբակալվել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 49–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին մասով (ահաբեկչություն, որ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով) և 335–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով պայթուցիկ սարք ձեռք բերելը և պահելը)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։