ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Ոստիկանները, շղթա կազմելով, խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Սոցցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, սակայն ոստիկանները միանգամից «շղթայի» մեջ են առնում հոգևորականներին։
Ընդ որում` հրապարակված տարբեր կադրերում երևում է, որ հոգևորականների մուտքը երկու անգամ է խոչընդոտվում։ Սկզբում աստիճանների մոտ մեծ թվով սևբերետավորներ են կանգնեցնում, իսկ աստիճանների վերևում երկրորդ խումբն է սպասում նրանց։
Հավելենք, որ Սարդարապատի հուշահամալիր է ուղևորվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա այցը սպասվում էր առավոտյան, սակայն դեռ երեկվանից այնտեղ էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։