ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Telegram–ի իր ալիքում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։
«Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր: Եվ, իհարկե, իշխանությունները, հատկապես վարչախմբի ղեկավարը, ոչ մի մեղք չունեն. նրանք խիստ զբաղված են. ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում»,– գրել է արքեպիսկոպոսը:
Հիշեցնենք` մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։