ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։
«Այսօրվա տեղի ունեցածն ակնհայտ ցույց տվեց, որ դեռ 2018 թ. հուլիսին Գնդեվանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները բնույթով նույնն են, ինչ այսօր տեղի ունեցածը. պարզապես քաղաքացիական հագուստով անձինք փոխարինվեցին ոստիկանական համազգեստով անձանցով»,– գրել է Թաթոյանը:
Նա անդրադարձել է նաև այն տեղեկություններին, թե կաթողիկոսն այդ ժամին է գնացել Սարդարապատի հուշահամալիր սադրանքի նպատակով։
«Իրականում նախատեսված է եղել, որ վեհափառ հայրապետը Սարդարապատի հուշահամալիր այցելի պատարագից հետո` ժամը 14:30–ի սահմաններում, քանի որ երեկ կառավարությունից Մայր աթոռին տեղեկացրել են, որ կառավարության պաշտոնական այցը նախատեսված է այսօր առավոտյան` ժամը 10–11։00–ի սահմաններում»,– նշել է ՀՀ նախկին ՄԻՊ–ը:
Նրա խոսքով` ոստիկանները կաթողիկոսին թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել հուշահամալիրի կայանատեղի, այդ պատճառով էլ Գարեգին 2–րդը և մյուս հոգևորականները ստիպված են եղել ոտքով մոտենալ, որի ժամանակ հանդիպել են տեղաշարժն արգելափակած ոստիկանական շարքերի:
Ըստ Թաթոյանի` երբ հոգևորականները փորձել են ճշտել արգելքի պատճառը, ոստիկաններն ասել են, որ տեղյակ չեն և փորձել խոչընդոտել նրանց մուտքը Սարդարապատ։