Պարզապես ամոթալի էր. Հայր Զաքարիան` Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին

Հոգևորականները կարողացել են հոգեհանգստյան աղոթք անել և վերադառնալ Մայր աթոռ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Հայ առաքելական եկեղեցու մի շարք հոգևորականներ Սարդարապատում կարողացել են անցնել ոստիկանների, սևբերետավորների 3 շրջան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են կաթողիկոսի մուտքը հուշահամալիր։
Հայր Զաքարիան նշեց, որ միջադեպը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մյուս բարձրաստիճան անձանց այցից առաջ։
«Ուժային կառույցների երեք շրջանը հաղթահարեցինք, վեհափառի գլխավորությամբ հոգեհանգստյան աղոթք արեցինք և վերադարձանք Մայր աթոռ։ Պարզապես ամոթալի էր և անհավատալի կատարվածը․ սա մեր նորանկախ Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ դրվագներից է։ Ի վերջո, Սարդարապատի հերոսամարտի ոգին հենց Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսն էր, իսկ այսօր խոչընդոտում են վեհափառի մուտքը հուշահամալիր։ Խոսքերն արդեն անիմաստ են, մեկնաբանությունները՝ նույնպես»,– ասաց հոգևորականը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ Սարդարապատի հուշահամալիրից հանել են կաթողիկոսի անունից բերված ծաղկեպսակը։