ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը Սարդարապատում` նվիրված Հանրապետության օրվան, մեկնարկեց Բագրատ սրբազանի և ժողովրդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կատարմամբ և աղոթքով։
Սրբազանն ուղերձով հանդես եկավ` նշելով, որ այս օրը նշվում է հայության բոլոր ժամանակների մեջ ամենանվաստ ու անպատիվ շրջանում, բայց դա ամենևին ընկճվելու և նահանջելու ճանապարհ չէ։
«Մեր տառապանքներն ու կորուստները մղում են մեզ ավելի մեծ սխրանքների։ Պետք է վերականգնենք մեր ինքնության գիտակցությունը և ապրենք որպես հավատարիմ ժողովուրդ, թե՛ մեր հաղթանակած Աստծուն, հաղթանակած նախնիներին և մեր ողջ ժառանգությանը և նաև հավատարիմ այն ուխտին, որը մեզ առաջնորդում է դեպի մեր գալիք հաղթանակները։ Մեր հայացքը դեպի երկինք է` դեպի մեր նահատակությամբ փառքի պսակն ընդունած մեր եղբայրներին, հայրերին, նախնիներին, մայրերին, քույրերին և դուստրերին»,– նշեց սրբազանը։
Նա ընդգծեց` դեռ վերջին խոսքը չեն ասել թշնամուն ու այդ խոսքը պետք է լինի հաղթական։
Դիմելով ժողովրդին` սրբազանը շեշտեց` հենց նրանք են այս օրերին փաստել, որ կրում են նույն սարդարապատյան ոգին։
Ուղերձից հետո շարժման անդամներն ու կողմնակիցները Բագրատ սրբազանի գլխավորությամբ երգեցին «Սարդարապատ» երգը, ու միաժամանակ ղողանջեցին հուշահամալիրի զանգերը։
Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել են Սարդարապատ, գիշերել հուշահամալիրի տարածքում` մայիսի 28-ին նշելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։
Հիշեցնենք` Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն է ունեցել մինչև 1920 թվականը։