Մայիսյան հերոսամարտերը անկյունաքարային են հայոց պետականության գործում. կաթողիկոսի ուղերձը

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Սարդարապատում. Արխիվային լուսանկար
Գարեգին Երկրորդը նշել է, որ այս օրերին, երբ Հայաստանն անվտանգային լրջագույն սպառնալիքների առջև է, հրամայական է, որ հայությունը միասնական լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձություններն անկյունաքարային նշանակություն են ունեցել հայոց պետականության վերականգնման գործում։ Ասված է Հանրապետության տոնի առիթով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձությունները անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման և մեր ազգային կյանքի վերազարթոնքի գործում։ Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների»,– ասված է ուղերձում։
Կաթողիկոսը նաև կոչ է արել վանել կործանարար անտարբերությունը, փարատել թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատվի ապահովություն և խաղաղություն։
Հիշեցնենք` Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն է ունեցել մինչև 1920 թվականը։