Լոռու մարզի աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա

Լրագրող Հրաչյա Պապինյանը հայտնել է, որ ՀՀ ԱԻՆ–ը շուտով միջոցներ կձեռնարկի արգելափակված մարդկանց սնունդ հասցնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա` Հաղպատում և Ալավերդիում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Անկյուն+3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը։
«Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում 4 և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում 2 արգելափակված մարդ կա։ Նրանք երկու օր է ուտելիք չունեն, զանգահարել են հեռուստաընկերություն, աջակցություն են խնդրում»,– գրել է Պապինյանը։
Նա նաև հայտնել է` ԱԻՆ–ից իրեն հայտնել են, որ մինչև այժմ այդ արգելափակվածների վերաբերյալ ահազանգ չեն ստացել ու արդեն կսկսեն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելափակված մարդկանց սնունդ հասցնեն։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացել է արտակարգ իրավիճակ։ Մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ։ Կա 4 զոհ։