ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի թոռը՝ Հասան Խոմեյնին, չի առաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահի արտահերթ ընտրություններում: Այս մասին հայտնել է հանգուցյալ գերագույն առաջնորդի Գրավոր ժառանգության ինստիտուտի ղեկավար Մուհամեդ Ալի Անսարին, որը Խոմեյնիի թոռան մտերիմն է։
«Ես գիտեմ, որ նա ոչ մի հիմք չունի իր թեկնածությունն առաջադրելու համար»,-ասել է Անսարին իրանական Tasnim գործակալությանը:
Ավելի վաղ որոշ փորձագետներ ենթադրություն էին հայտնել, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից մեկը կարող է դառնալ Հասան Խոմեյնին:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իրանի նախագահի պաշտոնի համար կարող են պայքարել Իրանի դատական իշխանության գործող ղեկավար Գոլյամ Հոսեյն Մոհսենի-Էջեին և երկրի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը: Իրանի խորհրդարանի (մեջլիս) նախկին և ներկա խոսնակների՝ Ալի Լարիջանիի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի թեկնածությունների առաջադրման հավանականություն կա: Երկու քաղաքական գործիչներն էլ արդեն մասնակցել են 2005 թվականի նախագահական ընտրություններին։ Ղալիբաֆն իր թեկնածությունն առաջադրել էր նաև 2013 թվականին, սակայն պարտվել էր Հասան Ռոհանիին: