Հատուկ ծառայությունները ՄԻՊ–ի պաշտոնում եղած ժամանակ գաղտնալսել են Քրիստինե Գրիգորյանին

Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ–ի պաշտոնում. Արխիվային լուսանկար
Թերթը գրում է, որ չնայած իրավապահները հայտնել են, թե թյուրիմացություն է տեղի ունեցել, այնուամենայնիվ, Գրիգորյանի հեռախոսից որոշ նյութեր են քաշվել, որոնք պահվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ հատուկ ծառայությունները դեռևս Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում եղած ժամանակ գաղտնալսել են ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Նշենք, որ Գրիգորյանն արդեն ավելի քան 1 տարի է, ինչ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետն է։
«Դեռևս օմբուդսմենի պաշտոնում Գրիգորյանը, ըստ լավատեղյակ աղբյուրի, հայտնաբերել է, որ փորձում են իր հեռախոսին գաղտնալսող ծրագրեր «նստեցնել»: Գրիգորյանը, համապատասխան ծառայություններից ստանալով ծանուցումը, որ ձեր հեռախոսի մեջ օտար միջամտություն է իրականացվել, անմիջապես դիմել է հատուկ ծառայություններին` ճշտելու, արդյոք իրե՞նք են դա անում: ԱԱԾ-ից հերքում ստանալով, նա հայտարարել է, որ մտադիր է աղմուկ բարձրացնել՝ նաև միջազգային կառույցներին տեղեկացնելով, որ ՀՀ ՄԻՊ-ին փորձում են գաղտնալսել»,– գրում է թերթը։
Պարբերականի աղբյուրը տեղեկացրել է, որ այդ «սպառնալիքից» հետո հատուկ ծառայությունները փոխել են դիրքորոշումը` ՄԻՊ-ին տեղեկացնելով, որ նպատակ չեն ունեցել իրեն գաղտնալսելու, սխալմամբ են այդ ծրագիրը տեղադրել իր հեռախոսում:
Թերթի տեղեկություններով` այդ ընթացքում հատուկ ծառայություններն արդեն հասցրել են նրա հեռախոսից բավականին նյութեր քաշել և դրանք պահվում են որպես կոմպրոմատ, և խոսքը` «ինտիմ բնույթի» նյութերի մասին է: