ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուզբեկստանի տնտեսության միացումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) օգուտ կբերի բոլոր մասնակիցներին, թեև բանակցային գործընթացը բարդ կլինի:
«Եթե Ուզբեկստանի նման տնտեսությունը միանա միավորմանը, կարծում եմ՝ բոլորը դրանից միայն կշահեն։ Կարևոր է, որ Ուզբեկստանի տնտեսությունն էլ իր օգուտը ստանա։ Բայց դա բավական բարդ բանակցային գործընթաց է»,- ասել է Պուտինը Ուզբեկստան կատարած այցի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ի ստեղծման ժամանակ բազմաթիվ վեճեր էին ծագում փոխադարձ պարտավորությունների և պայմանների վերաբերյալ: Ուզբեկստանի դեպքում գործընթացն ընթանում է հանգիստ և հետևողական։
«Մեր տնտեսությունները մերձենում և զարգանում են, բազմաթիվ համատեղ նախագծեր են ի հայտ գալիս։ Աստիճանաբար ձևավորվում են փոխադարձ շահերի ուրվագծերը՝ հետագա համագործակցության և ինտեգրացիոն միավորումներին մասնակցության ոլորտում»,-պարզաբանել է ՌԴ նախագահը։
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը միջազգային իրավական սուբյեկտություն ունի և հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով:
ԵԱՏՄ անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը: