ԱՊՀ երկրները պետք է հանցագործների մասին տվյալներն ավելի արագ մտցնեն միասնական բազա. ՌԴ ՆԳՆ

Նիստի ընթացքում քննարկվել է միգրացիոն իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. ԱՊՀ երկրները պետք է հանցագործների մասին տեղեկատվությունն ավելի ակտիվորեն ներառեն միասնական բազայում։ Այս մասին Դուշանբեում ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ներքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը։
«Նշված տեղեկություններն օգնում են կանխել վտանգավոր հանցագործների օրինականացումը մեր պետությունների տարածքում և նրանց երկարաժամկետ միգրացիոն կարգավիճակի ստացումը», - ասել է նա:
Նիստի ընթացքում քննարկվել է 10 հարց, որոնցից մեկը վերաբերում էր ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի միջև համագործակցության հուշագրին: Փաստաթուղթը հավանության է արժանացել:
Քննարկվել են նաև միգրացիոն իրավիճակը, միգրացիայի ոլորտում ազգային օրենսդրության և Համագործակցության երկրների միգրացիոն մարմինների իրավակիրառական գործունեության մեջ փոփոխությունները:
Նշենք, որ ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում էին պատվիրակություններ Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի միգրացիոն մարմիններից, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեից, Միջխորհրդարանական վեհաժողովից, Հակաահաբեկչական կենտրոնից։