ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել։ Հայտնում է վարչապետի և ԱԺ նախագահի մամուլի ծառայությունները։
Փաշինյանն իր ուղերձում նշել է, որ այսօր նշվում է Հանրապետության տոնը, որը հայերի պետական տոնացույցի կարևորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո` 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ:
«Առաջին Հանրապետությունը չունեցավ հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն: Այսօր մենք ունենք այդ ժամանակը և հնարավորությունը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ–ն կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ։ Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է, նաև այն մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն»,– ասել է Փաշինյանը:
Ալեն Սիմոնյանը նույնպես կարևորել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը:
«1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, հայ ժողովուրդը կարողացավ ոչ միայն պահպանել իր ինքնությունը, լեզուն և մշակույթը, այլև կերտեց անկախ հանրապետություն, որը մերօրյա ազատ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է: Անկախ և ինքնիշխան պետություն ունենալու անկոտրում գիտակցությունն առայսօր կարևորագույն շարժիչ ուժն է՝ հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, կերտելու հզոր պետություն: Այո՛, այսօր` 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում»,– ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:
Նա նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կա և լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար և խաղաղ ապագայի։
Հիշեցնենք` Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն է ունեցել մինչև 1920 թվականը։