ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը` ներկայացնելով աղետի գոտում տիրող օպերատիվ իրավիճակը ։
«Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասից ընդհանուր առմամբ տարհանվել է 137 բնակիչ, որից 5–ը` մայիսի 28–ին։ 141 բնակիչ շարունակում է մնալ Սանահին կայարանում»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ փրկարար ծառայության` հեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։ Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում։
Ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։
Լոռու մարզում իրականացվող աշխատանքներում ներգրավվել է 44 փրկարար։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։