Ընդհատումներ չկան․ Օվերչուկը՝ հայ-ռուսական առևտրային հարաբերությունների մասին

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ հայկական պատվիրակությունը ներկա կգտնվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում որևէ ընդհատում չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Բացարձակապես ոչ մի ընդհատում չկա։ Վերին Լարսը նորմալ է աշխատում։ Ամեն ինչ նորմալ է առևտրի, տնտեսության մեջ»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին տեղատարափ անձրևից հետո փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։
Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի պատվիրակությունը ներկա կգտնվի Եվրասիական միջկառավարական խորհրդին:
«Հունիսի 3-4-ը, այո, կլինի Եվրասիական միջկառավարական խորհուրդը, այնտեղ կլինի հայկական պատվիրակությունը»,- ասել է Օվերչուկը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հունիսի 3-4-ը Մինսկում:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: