Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ է կատարվել բնական աղետի հետևանքով զոհերի համար

Սուրբ Էջմիածնում հոգեհանգիստ է կատարվել բնական աղետի հետևանքով զոհերի համար
Մայիսի 26-ին տեղատարափ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար»,- տեղեկացնում են Մայր աթոռից։
Սուրբ Էջմիածնի միաբանությունը և հավատացյալ ժողովուրդն աղոթք են հղել զոհերի հոգիների հանգստության համար, ինչպես նաև աղոթել և աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։
ՆԳՆ վերջին տվյալներով՝ մայիսի 26-ին տեղատարափ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ (347 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում): Կա հաստատված 4 զոհ։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը վարորդներին հորդորում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։