ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը զգալիորեն կրճատել է պետական բյուջեի դեֆիցիտը, իսկ Հայաստանը գրեթե զրոյի է հասցրել այն։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական ծառայությունը։
ԵՏՀ տվյալներով՝ Հայաստանի բյուջեի եկամուտներն ու ծախսերը կազմել են մոտ 1,3 մլրդ դոլար (կամ համապատասխանաբար 525,0 և 525,9 մլրդ դրամ)։ Սովորաբար երկիրը տարին ավարտում է բյուջեի չափավոր դեֆիցիտով. 2023 թվականին այն կազմել էր մոտ 485 մլն դոլար (189 մլրդ դրամ), որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը:
Սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է շուրջ 160 մլն դոլարի (60 մլրդ դրամ) բյուջեի հավելուրդ՝ ծախսերի թերակատարման պատճառով, հատկապես կապիտալ շինարարության ոլորտում։ 2024թ.-ի առաջին եռամսյակում նույնպես ծախսերի զգալի թերակատարում է գրանցվել՝ գրեթե 20%-ով։
ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը կարողացել է բյուջեի դեֆիցիտը 28,7 միլիարդ դոլարից կրճատել մինչև 3,3 միլիարդ դոլար: