ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանը Լեհաստանում դիվանագետների տեղաշարժը սահմանափակելու համար պատասխան միջոցներ կձեռնարկի, որպեսզի ռուսատյաց լեհական վերնախավը խիստ զղջա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մանրամասները դեռ հայտնի չեն։ Հայտարարվել է Լեհաստանի ԱԳՆ–ի նոտան՝ ընդունված որոշման մանրամասներով։ Երբ ստանանք, կուսումնասիրենք և պատասխան միջոցներ կձեռնարկենք, որպեսզի ռուսատյացության մեջ խեղդված լեհական վերնախավը խիստ զղջա հերթական հակառուսական քայլերի համար»,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները ՌԴ դիվանագետների համար տեղաշարժի սահմանափակումներ են մտցնում: Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի դեսպանատան դիվանագետները կկարողանան տեղաշարժվել միայն մայրաքաղաքի տարածաշրջանի ներսում: Սիկորսկու խոսքով՝ միջոցառումները չեն ազդի Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա: Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների տեղաշարժը սահմանափակված կլինի այն տարածաշրջաններով, որտեղ նրանք աշխատում են: Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` սահմանափակումները Լեհաստանում ՌԴ-ի «հիբրիդային գործողությունների» պատասխանն են: Սիկորսկին նշել էր, որ ԵՄ յուրաքանչյուր երկրում ազգային մակարդակով նման միջոցներ են ձեռնարկվում։