ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնել Հայաստանին հորդառատ անձրևներից հետո առաջացած ջրհեղեղի և սելավների հետևանքների վերացման հարցում: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից:
«Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը համապատասխան ցուցումներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման վերաբերյալ: Հայկական կողմից հայց լինելու դեպքում ամիջապես աղետի շրջաններ կուղարկվեն Ռուսաստանի ԶՈւ ուժեր և միջոցներ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ վերջին տվյալներով՝ մայիսի 26-ին տեղատարափ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ (347 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում):
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։