ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերազանցել է իր լիազորությունները՝ կողմ արտահայտվելով արևմտյան զենքով Ռուսաստանի տարածքին հարվածելու Ուկրաինայի իրավունքին, կարծում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ «Ուկրաինան իրավունք ունի», այդ թվում, հարձակվել «Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախների վրա» և հավելել էր, որ «որոշ դաշնակիցներ» հանել են հարվածների վերաբերյալ համապատասխան սահմանափակումները․ «Կարծում եմ, որ ժամանակն է հանել նաև մյուս սահմանափակումները»,-հայտարարել էր Ստոլտենբերգը։
«Ես կասկածում եմ, որ գլխավոր քարտուղարը կարող է նման պատասխանատվություն ստանձնել, հանդես գալ դաշինքի անդամների անունից, երբ նրանց համար թեման քննարկվել է, նկատի ունեմ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Ոչ թե քարտուղարության և գլխավոր քարտուղարի մակարդակով, այլ դաշինքի շրջանակներում, որի մեջ մտնում են անդամ երկրները, իսկ նա կատարում է նրանց կամքը։ Ես կարծում եմ, որ նա գերազանցել է իր լիազորությունները»,-ասել է Լավրովը։ Նրա խոսքը հրապարակվել է «Вы слушали маяк» Telegram-ալիքում։
Ստոլտենբերգին, որը նման հայտարարություն է արել ՌԴ-ի տարածքի վրա հարվածների վերաբերյալ, «արդեն տեղն են դրել հենց ՆԱՏՕ-ի անդամները», նշել է Լավրովը:
Իտալիայի ԱԳ նախարար, երկրի փոխվարչապետ Անտոնիո Տայանին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունների ֆոնին նշել էր, որ Ուկրաինան պետք է արևմտյան զենքն օգտագործի երկրի ներսում: