ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Երևանի Շահումյանի հրապարակից մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ավտոերթը դեպի Սարդարապատ։
Նախատեսվում է, որ Բագրատ սրբազանը գիշերը քաղաքացիների հետ մնալու է այնտեղ։
Բազմաթիվ մեքենաներ արդեն իսկ միացել են ավտոերթին։
«Մենք գնում ենք Սարդարապատ` նշելու անկախության տոնը, մենք ոչ ոքից չենք խլել այն։ Տոնախմբություն է լինելու այնտեղ։ Ես դեռ ուսանողական տարիքից եմ գնացել, այն ժամանակվանից, երբ Սարդարապատի տեղը չգիտեին մարդիկ»,– ասաց սրբազանը։
Հարցին` եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մայիսի 28-ին այցելի Սարդարապատ, իրենք ինչ են անելու, շարժման առաջնորդը շեշտեց` իրենք ուղղակի գնում են անկախության օրը նշելու։
«Ես լսել եմ նաև, որ հատուկ ջոկատայիններ կան, որոնց սովորական ոստիկանի համազգեստ են հագցնում, միևնույն ժամանակ էլ շաբաթական 40 հազար դրամ պարգև են տալիս։ Իմացել եմ այդ մասին։ Նրանք իրավապահներ չեն, ոստիկաններ են»,– ասաց Բագրատ սրբազանը։
Հավելենք՝ ամեն տարի մայիսի 28-ին Սարդարապատում տոնում են Հայաստանի առաջին հանրապետության տարեդարձը։