Լոռու և Տավուշի մարզերում հեղեղների հետևանքների վերացման համար 300 մլն դրամ կհատկացվի

Ալավերդի
Որոշում է կայացվել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղումների հետևանքները վերացնելու համար մարզպետարաններին 300 մլն դրամ կհատկացվի։ Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այդ գումարը հատկացվում է առաջին անհրաժեշտության աշխատանքներ իրականացնելու համար։ Պարբերաբար այս գումարները կավելացվեն։ Ընդհանուր գումարների և ծախսերի մասին դեռ վաղ է խոսել, հասկանալի է, որ միլիարդավոր դրամների մասին է խոսքը»,– ասել է նախարարը
Նրա խոսքով` որոշում է կայացվել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի։
Նախարարը նշել է, որ վաղը նույնպես ակտիվ օր է սպասվում, քանի որ մի շարք ոլորտներում բազմաթիվ անելիք կա։ Որոշ բնակավայրերում էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջրամատակարարումն արդեն իսկ կարողացել են ապահովել` չնայած որոշ խնդիրներ դեռ կան։
Հիշեցնենք` ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր հայտնել էր, որ կարելի է 5 գոտի առանձնացնել, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել: Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին (ընդհանուր մոտ 2,5 կմ), և այդ կապը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջվի:
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում: