ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Հայաստանում ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած վարչախումբը խաղաղ ակցիաների մասնակիցների և նրանց համակիրների նկատմամբ, առանց խտրականության, սկսել է կիրառել ռեպրեսիաների ամբողջ գործիքակազմը։ Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել ու կոչով դիմել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ առած ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության շարժման՝ կառավարության հրաժարականի հստակ ձևակերպմամբ։
Չնայած դրան, հետապնդվում և ահաբեկվում են հասարակության գրեթե բոլոր շերտերը, որոնք այս կամ այն առումով աջակցում կամ կիսում են շարժման գաղափարները։
«Համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, քաղաքական հայացքների համար բանտարկումներ, մարդկանց աշխատանքից անօրինական ու անհիմն ազատումներ, այդ թվում՝ բիրտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ... Սա՛ է ներկայիս իշխանությունների «ժողովրդավարական» դեմքը»,–նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ` Սահմանադրության խախտմամբ ոտնահարվում են պատգամավորների անձեռնմխելիության և ազատ տեղաշարժի իրավունքները։
«Կոչ ենք անում սկզբունքային գնահատական տալ շարունակվող անօրինականություններին՝ կանխելու Հայաստանի վերջնական անկումը դեպի ավտորիտարիզմ և բռնապետություն։ Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է»,– նշված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ ՀՀ իշխանությունն աննախադեպ արշավ է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ վիրավորելով միլիոնավոր հավատացյալ քաղաքացիների զգացմունքներն ու արժանապատվությունը. կատարվածը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ուղղակիորեն ոտնահարում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները և հրահրում է ներքին էսկալացիա ու անհանդուրժողականություն։