Կարգալույծ չեմ. Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը

Սրբազանը նշեց, որ ինքն արդեն սառեցրել է իր հոգեւոր ծառայությունները, և ՀԱԵ-ի կողմից հրապարակային ներկայության կարիք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը, չնայած որ սառեցրել է հոգևոր ծառայությունը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Նա ընդգծեց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել «սրբազան հայր»։
Լրագրողի այն հարցին, թե չի՞ ստացվում, որ նա համատեղում է հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը, սրբազանն ընդգծեց, որ սա քաղաքական պայքար չէ, այլ ազգային-ազատագրական։
«Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»,- ասաց սրբազանը։
Հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Նա խնդրել էր կաթողիկոսին սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Տավուշի մարզի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի հատվածում բողոքի ակցիաներ անելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գխավորած երթը Կիրանցից հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ ՀՀ վարչապետի արձագանքի բացակայության պայմաններում շարունակվեցին հանրահավաքները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու անհնազանդության ակցիաները։