Ի՞նչն է եղել Գևորգ Փարսյանի «Lexus»–ն այրելու պատճառը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել

Դատարանի որոշմամբ առերևույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ տնային կալանք և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցներ են կիրառվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու շարժառիթը պարզվել է, առերևույթ հանցագործություն կատարած անձին էլ մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Փարսյանի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու մասին տեղեկությունը ստացվել է 2024թ. մայիսի 21-ին։
Պարզվել է, որ առերևույթ հանցանք կատարածք անձը Կապան քաղաքի բնակիչ է։
«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան: Այդ նպատակով նշված անձը նախօրոք իր հետ վերցրել է բենզին և լցրել Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի և դիմապակու վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կապանցի տղամարդու նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցներ։
Նախաքննությունն շարունակվում է։
Հիշեցնենք, որ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Lexus»–ը հրկիզել է 42-ամյա մի տղամարդ, որտեղ նա դիմում–մեղայական է ներկայացրել։