Ի՞նչ հոդվածով է վարույթ հարուցվել Բագրատ սրբազանին գաղտնալսելու սարք տեղադրելու դեպքով

Գաղտնալսելու մեջ կասկածվողը նախկինում աշխատել է ՊՆ–ում, սակայն հետագայում աշխատանքից ազատվել է։ Բագրատ սրբազանն էլ նրա և նրա ընտանիքի հետ մտերիմ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու փորձի դեպքից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik Արմենիային ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մի քաղաքացուց հաղորդում է ստացվել ու նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (հոգեկան ներգործությունը) 1-ին մասի հատկանիշներով։
Նշենք` լրատվամիջոցները հայտնել էին, որ Բագրատ սրբազանի հյուրանոցային համարը գաղտնալսելու նպատակով փորձել են ստորին հարկի առաստաղը ծակել և լսող սարք տեղադրել։ Ավելի ուշ սրբազանի սենյակ են ժամանել ոստիկանները։ Համարից նրանց ուղեկցությամբ դուրս է եկել մի կին, որը Էլեն Աղասյանն է եղել։ Նա ժամանակին աշխատել է ՀՀ ՊՆ–ում, իսկ սոցցանցերում հայտնվել են նրա հին լուսանկարները՝ համազգեստով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պաշտպանական կառույցում Էլեն Աղասյանն այլևս չի աշխատում։ Սրբազանն էլ հայտնել է, որ ինքը շատ լավ է ճանաչում Էլենին և նրա ընտանիքին, մտերիմ է եղել։