ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Ֆրանսիան Հայաստանի առաջնային գործընկերներից է, և ակտիվ համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ կա։ Այդ մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ֆրանսիայի Օ–դը–Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը և բարձր գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի և, ընդհանրապես, Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ–դը–Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը
Ժորժ Սիֆրեդին իր հերթին նախ զորակցությունն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավելել, որ Ֆրանսիայի Օ–դը–Սենի շրջանը, գործընկերային հարաբերություններ ունենալով Տավուշի մարզի հետ, պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել:
Նա նաև կարևորել է Տավուշի մարզի հետ գյուղատնտեսության, ագրոտուրիզմի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացումը: