Եթե անհրաժեշտ լինի, ուղղաթիռով էլ անհրաժեշտ պարագաներ կտեղափոխվեն. ՏԿԵ նախարար

Նախարարն ավելացրեց, որ այս պահին մեկ անհետ կորած անձ հայտնաբերվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Լոռու և Տավուշի մարզերում այսօր արդեն իսկ ջրի նվազում կա, ու այն խնդիրները, որոնք երեկ տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի պատճառով, այսօր տեսանելի են, ինչը հնարավորություն է տալիս այլ ուղղություններով ևս ակտիվ աշխատանքներ իրականացնել։ Օպերատիվ շտաբի քննարկումից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Գիշերը նաև կարողացանք համապատասխան տեխնիկան հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ մեր 5 բնակավայրեր կտրված էին կամուրջների փլուզումների պատճառով։ Այստեղ ունեինք դաշտային 5.5 կմ ճանապարհ, որը հիմա բետոնապատում ենք, որ անցանելիդառնա` մինչև կվերականգնենք կամուրջները։ Ընդհանուր 17 կամուրջ ունենք փլուզված»,– նշեց նախարարը։
Նա նաև ասաց, որ գործընկերների հետ քննարկել են, ու անհրաժեշտության դեպքում ուղղաթիռով ևս կկարողանան սնունդ կամ այլ անհրաժեշտ պարագաներ տեղափոխել աղետի գոտի։
Սանոսյանը տեղեկացրեց` քանի որ ջրի մակարդակն արդեն իջել է, բնակելի տների բակերում եղած ջուրը կարողանում են պոմպերով դուրս մղել։
ՏԿԵ նախարարն ասաց, որ Այրումից հետո դեպի Բագրատաշեն գնացող հատվածում, որտեղով մայիսի 26–ին ամբողջ օրը ջուրը հոսում էր, հիմա ջրի մակարդակը իջել է, ճանապարհը բացվել է, մաքրման աշխատանքներ են տարվում։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ.ՆԳՆ
«Աշխատել ենք Վրաստանի և ՀՀ ՊԵԿ մեր գործընկերների հետ, ու Բագրատաշենի պետական սահմանի անցակետը կբացենք»,– ասաց Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով` Տավուշում 1000 բնակիչ, իսկ Լոռիում` 2500 բնակիչ այս պահին չունեն էլեկտրաէներգիա, կան նաև բնակավայրեր, որոնք ամբողջական կամ մասնակի գազի մատակարարում չունեն։
«Կարճ ժամանակում կփորձենք ամեն ինչ վերականգնել»,– վստահեցրեց նախարարը։
Նա ավելացրեց, որ այս պահին մեկ անհետ կորած անձ հայտնաբերվել է։
Հավելենք, որ ՆԳՆ վերջին տվյալներով՝ մայիսի 26-ին տեղատարափ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ (347 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում):
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը վարորդներին հորդորում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։