Ակցիաներից բերման ենթարկված 289 անձանցից 284-ն ազատ են արձակվել. ՀՀ ՆԳՆ

Կարմիրբերետավորներ
Բոլորը բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ–ում անհնազանդության ակցիաներից ոստիկանության տարբեր բաժիններ բերված 289 անձանցից մեծ մասն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«289 անձանցից 284-ն ազատ են արձակվել, 1-ը ձերբակալված է»,– նշեցին ՆԳՆ–ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բոլոր քաղաքացիները բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում կարմիրբերետավորները։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։