Երևանյան ակցիաներից բերման ենթարկված 284 անձանցից 273–ն արդեն ազատ են արձակվել. ՆԳՆ

Կարմիրբերետավորներ
Բոլորը բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Ժամը 14։00–ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 284 մասնակից է բերվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ–ից։
Նույն ժամի դրությամբ 273 անձ արդեն ազատ է արձակվել։
«Բոլորը բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում կարմիրբերետավորները։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։