Բռնության դատապարտելի դրսևորումներ են. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Գարեգին Երկրորդ
Հոգևորականները կոչով դիմել են ոստիկաններին ու հանրային գործողությունների մասնակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների անհամաչափ ուժի կիրառումը։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը, այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, և հայտարարություն է ընդունվել։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Որոշ ժամանակ անց կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։
«Ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով։ Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ»,– ասված է հայտարարությունում։
Գերագույն հոգևոր խորհուրդը հանրային գործողությունների մասնակիցներին էլ հորդորել է բողոքն արտահայտել բացառապես օրենքի շրջանակներում, առաջնորդվել զգոնությամբ և չտրվել հնարավոր սադրանքների։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։