ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվի դատարանը մայիսի 16–ին 5 ամսով երկարաձգել է Վարդանյանի կալանքի ժամկետը: Նրա փաստաբանները Բաքվի դատարանի որոշումը համարում են անօրինական և անհիմն: Վարդանյանը մեկուսարանում է ավելի քան 7 ամիս։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` վերաքննիչ դատարանը մերժել է Վարդանյանի՝ կալանքի ժամկետը երկարացնելու բողոքը՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը թողնելով ուժի մեջ:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։