4 զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնատար անձի. ՔԿ

Մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ 4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնատար անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12–ին ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով ընկել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 19 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հոսպիտալներ:
ՔԿ–ից նշում են, որ վերոնշյալ երկու անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։
Նշվում է նաև, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, մեղադրանքները ներկայացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով։
Հիշեցնենք, որ 4 զինծառայողի կյանք խլած վթարի գործով 2 պաշտոնատար անձ է կալանավորվել։