Ո՞ր դեպքում ՀՀ-ով երթուղին ավելի շահավետ կլինի․ Տիգրան Սարգսյանը՝ «Հյուսիս-հարավի» մասին

Տիգրան Սարգսյանը Armenian Business Forum–ում
Մոսկվայում կայացել է Armenian Business Forum-ը, որը «Տաշիր» ընկերության խմբի նախաձեռնությամբ համախմբել է շուրջ 400 գործարարների, հասարակական գործիչների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, թե հյուսիսը հարավին կապող տրանսպորտային նախագծերի իրականացման ժամանակ որ դեպքում Հայաստանով անցնող ճանապարհը կարող է ավելի շահավետ լինել, քան մեր երկիրը շրջանցելը:
Ելույթ ունենալով Armenian Business Forum 2024-ում՝ Սարգսյանը հայտարարել է, որ լոգիստիկան միայն ֆիզիկական ենթակառուցվածքի ստեղծումը չէ։ Այս համատեքստում նա օրինակ է բերել ձևավորվող Արևելք-Արևմուտք ճյուղը (Չինաստան - Կենտրոնական Ասիայի երկրներ, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Թուրքիա, ԵՄ)։
Նրա խոսքով՝ այդ ճյուղի զարգացման հարցում մեծապես շահագրգռված են Չինաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն, որոնք ակտիվորեն ներդրումներ են կատարում այնտեղ:
«Այստեղ կարևոր է ոչ թե բուն ֆիզիկական ենթակառուցվածքը, այլ այն հավելյալ արժեքը, որը ձևավորվում է այդ ենթակառուցվածքի շուրջ. դա ապրանքային հոսքերի «առանց կարերի» լինելն է, որը ենթադրում է ամբողջ բիզնես գործընթացի թվայնացում»,-ասել է ԵԱԶԲ վարչության փոխնախագահը:
Սարգսյանն այս հարցը համարել է «Արևելք-Արևմուտք» ճյուղի հիմնական ձեռքբերումը։ Այսինքն՝ նախագծի մասնակից բոլոր երկրները պայմանավորվել են ճանապարհի «առանց կար» լինելու մասին. դա փոխադրողներին թույլ է տալիս պայմանագրերն իրականացնել էլեկտրոնային տարբերակով, առցանց ռեժիմով հետևել, թե ինչպես է շարժվում իրենց ապրանքը։ Եվ այս ամենը՝ կարճ ժամանակահատվածում:
«Երբ մենք խոսում ենք այն մասին, որ պետք է կառուցենք «Հյուսիս-հարավը», առաջին հերթին պետք է մտածենք այդ միջանցքների «առանց կար» լինելու մասին։ Միայն այս դեպքում մրցունակ կլինեք, հակառակ դեպքում ապրանքափոխադրումները ձեր կողքով կանցնեն։ Չնայած նրան, որ ճանապարհների ֆիզիկական երկարությունը ավելի մեծ կլինի, քան եթե Հայաստանով անցներ, առանց թվայնացման, առանց «անկարության» ավելի շահավետ կլինի այդ ապրանքները տեղափոխել հարևան երկրներով»,-ասել է նա։
Այս առումով նա կարևոր է համարում հասկանալը, թե ինչպես Հայաստանը կարող է վերածվել սուբյեկտի, որը կարող է կարևոր դեր կատարել այդ հոսանքում։
Նշենք, որ Մոսկվայում կայացել է Armenian Business Forum-ը, որը «Տաշիր» ընկերության խմբի նախաձեռնությամբ համախմբել է շուրջ 400 գործարարների, հասարակական գործիչների: Վերջին անգամ այն անցկացվել էր Երևանում 2021 թվականին։
Ինչու ՀՀ–ում չգիտեն` երբ կավարտվի Հյուսիս–հարավի կառուցումը. պարզաբանում է Սանոսյանը