Տավուշի մարզում ջրհեղեղի հետևանքով 1 տուն փլուզվել է, 44-ը՝ ջրալցվել․ ՆԳՆ

Շարունակվող փրկարարական աշխատանքներում ներգրավված են 30 մարտական հաշվարկ, 324 ծառայող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը, մասնավորապես՝ 223 մարդ՝ Լոռու մարզում և 41՝ Տավուշի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը ժամը 17։00-ի դրությամբ։
Տավուշի մարզում 1 բնակելի տուն փլուզվել է, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։
Լոռու մարզում վնասների վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են։
Նշվում է, որ փրկարարական աշխատանքներում ներգրավված են 30 մարտական հաշվարկ, 324 ծառայող։
Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։
Լոռու մարզպետի որոշմամբ մասնակի գործողության մեջ է դրվել արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության պաշտպանության պլանը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: