ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Անկախության օրվա առթիվ շնորհավորելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին` իր ուղերձում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ և բարեկամ Վրաստանին մաղթում խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ։ Առանցքային նշանակություն ունի այս տարի ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը»,– գրել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը համոզված է, որ երկու կառավարությունների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի լիարժեք օգտագործել այս հիմքը՝ երկու պետությունների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար:
Նա կարևորել է նաև այս տարվա մարտին Երևանում տեղի ունեցած արդյունավետ քննարկումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը` հիմնված ընդհանուր արժեքների և քաղաքակրթական ընդհանրությունների վրա, կծառայի երկու պետությունների և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։